Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թրամփը դուրս է գալիս Ռուսաստանի հետ միջուկային համաձայնագրից

Թրամփը դուրս է գալիս Ռուսաստանի հետ միջուկային համաձայնագրից
22.10.2018 | 11:39

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ մտադիր է դուրս գալ միջին ու փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՎՊ), որ ստորագրել են 1987-ին Վաշինգտոնում Ռոնալդ Ռեյգանն ու Միխայիլ Գորբաչովը: Թրամփը Նևադայի նախընտրական հանրահավաքում լրագրողներին ասաց, որ Ռուսաստանը խախտում է ՄՓՀՎՊ –ն. «Նրանք խախտում են պայմանագիրը երկար տարիներ և մենք չենք պատրաստվում թույլ տալ միջուկային համաձայնագիրը խախտել ու զենք սարքել»: ԱՄՆ-ը զարգացնելու է զենքը, որը սահմանափակում է համաձայնագիրը, եթե Ռուսաստանը ու Չինաստանը չհամաձայնեն այդ անել` ասել է Թրամփը և հավելել. «Բայց եթե Ռուսաստանը դա անում է, Չինաստանը անում է, իսկ մենք պահպանում ենք համաձայնագիրը, դա անթույլատրելի է»: Պաշտոնապես Մոսկվան դեռ չի արձագանքել Թրամփի հայտարարությանը: Ոչ պաշտոնապես ՌԴ ԱԳՆ-ից Ինտերֆաքսին ասել են, որ ԱՄՆ-ը երկար տարիներ էր պատրաստվում խզել համաձայնագիրը` «կանխամտածված քայլ առ քայլ ոչնչացնելով պայմանագրային հիմքերը»: Գլխավոր պատճառը միաբևեռ աշխարհի երազանքն է, որ չի կատարվելու: ԱՄՆ լրատվամիջոցները գրել են, որ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Մոսկվա երկուշաբթի սկսվող այցի ժամանակ կտեղեկացնի ՌԴ ղեկավարությանը Վաշինգտոնի մտադրությունների մասին: New York Times գրեց, որ Բոլտոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կհաղորդի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ ծրագրի մասին:


ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Բոլտոնը կարող է հանդիպել Պուտինի հետ: ԱՄՆ-ը դեռ Բարաք Օբամայի նախագահության օրոք էր մեղադրում Ռուսստանին համաձայնագիրը խախտելու մեջ: Ռուսաստանը բազմիցս հերքել է մեղադրանքները և հակադարձել, որ ԱՄՆ-ը խախտում է համաձայնագիրը` հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելով Արևելյան Եվրոպայում: «Մենք մնացել ենք համաձայնագրի շրջանակներում ու պահպանել ենք, իսկ Ռուսաստանը, ցավոք, չի պահպանում: Մենք կխզենք պայմանագիրը ու դուրս կգանք»` Նևադայի նահանգում հայտարարել է Թրամփը: «Ռուսաստանը խախտել է համաձայնագիրը: Խախտել է երկար ժամանակ: Ես չգիտեմ` ինչու նախագահ Օբաման նրանց հետ այդ հարցով չի բանակցել ու դուրս չի եկել համաձայնագրից: Իսկ մենք թույլ չենք տա նրանց միջուկային համաձայնագիրը խախտել, վերցնել ու զենք ստեղծել, որ մեզ չի կարելի ստեղծել»` բացատրել է Թրամփը:
Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի ստորագրած միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին համաձայնագիրը հիմք դաձավ հարյուրավոր միջուկային տակտիկական զինատեսակների ոչնչացման համար: Կրճատման տակ հայտնվեցին 500- 1000 կիլոմետր և 1000 5500 կիլոմետր հեռահարության հրթիռները: 1991-ի մայիսին համաձայնագին ամբողջությամբ կատարվել էր` ԽՍՀՄ-ը ոչնչացրել էր ցամաքային տեղակայման 1752 բալիստիկ ու թևավոր հրթիռներ, ԱՄՆ-ը` 859: ԱՄՆ-ը գտնում է, որ միջուկային լիցք կրելու ունակ ռուսական նոր թևավոր հրթիռները խախտում են համաձայնագիրը, Ռուսաստանը հերքում է: Միջուկային մյուս պետությունները, այդ թվում` Չինաստանը, համաձայնագրին չեն միացել: ԱՄՆ-ից ու Ռուսաստանից բացի` համաձայնագրի պայմանները կատարել են և Արևելյան Եվրոպայի երկրներն ու նախկին ԽՍՀՄ հանրապետությունները` ոչնչացնելով փոքր ու միջին հեռահարության հրթիռները, որ կարող են միջուկային լիցք կրել:
BBC


Հ.Գ. Փաստորեն` Ջոն Բոլտոնը Մոսկվա է եկել ոչ այնքան հարաբերությունները վերականգնելու, որքան հարաբերությունների խզման միջուկային պատնեշի վերացումը հիմնավորելու: The Guardian-ը գրում է` փորձագետներն ահազանգել են, որ ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում կսկսվի 1980-ականներից ի վեր միջուկային սպառազինության ոլորտում ամենալուրջ ճգնաժամը. պատմական համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պարտավորվել են ոչնչացնել գործողության միջին և փոքր շառավղով բալիստիկ ու թևավոր հրթիռներն ու այլևս չզբաղվել դրանց արտադրությամբ: The Guardian-ը նշում է, որ ԱՄՆ նախագահին նման քայլի է դրդում ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը:


gazeta.ru-ն գրում է, որ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը, նշել է, որ հետևանքներն «աղետալի» կլինեն: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.
«Դա կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ն կկարողանա գործողության մինչև 5.500 կմ շառավղով հրթիռներ տեղակայել Լեհաստանում ու Մերձբալթյան երկրներում՝ սպառնալիք ներկայացնելով Ռուսաստանի համար: Մարդկությանը լիակատար քաոս է սպառնում միջուկային սպառազինության ոլորտում»: Դժվար բանակցություններ են լինելու Մոսկվայում: Որոշ փորձագետներ նաև գրել էին, որ Բոլտոնը Մոսկվա է մեկնում Թրամփի ու Պուտինի հանդիպումը կազմակերպելու նպատակով` Հելսինկիից հետո կուտակված հարցերի լուծման համար: Գուցե իսկապես հարցը թողնվի երկու նախագահների հանդիպման ժամանակ քննարկվելու, եթե նման հայտարարությունից հետո Պուտինը ընդհանրապես նպատահարմար համարի Թրամփին հանդիպել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ